Որպեսզի չասենք, որ Մովսես Հակոբյանը ստում է, ասենք՝ ինքը չի տիրապետում իրավիճակին․ Արտակ Դավթյան

Nouvelles

«Պատերազմը կանխատեսվում էր, Ադրբեջանը հատկապես վերջին մի քանի տարիներին նպատակաուղղված պատրաստվում էր ռազմական գործողությունների վերսկսմանը, և մեր ԶՈւ-ն նույնպես պատրաստվում էր մարտական գործողություններին։ Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելուց։ Փոխվել էին զորավարժությունների բնույթը, ծավալը և՛ մեր կողմից, և՛ Ադրբեջանի կողմից», — ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Պրեսսինգ» հաղորդման շրջանակներում։

Վերջինս, անդրադառնալով Մովսես Հակոբյանի կողմից հնչեցված աղմկահարույց հայտարարություններին, պարզաբանեց՝ դիրքերի փոփոխություններ միշտ եղել են։ Երբ զինադադար կնքվեց 94 թվականին, այն ժամանակ մարտական դիրքերի միջև հեռավորությունը տատանվում էր 2-4 կմ, իսկ վերջին տարիներին տատանվում էր 100-300 մ միջև, այսինքն՝ չեզոք գոտին միշտ տատանվել է։ Մովսես Հակոբյանի հայտարարությունը՝ նախիջևանյան ուղղությամբ 5-6 կմ կորցնելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։

«Որպեսզի չասենք՝ պարոն գեներալ-գնդապետը ստում է, ասենք, որ ինքը չի տիրապետում իրավիճակին։ Երկրորդ՝ որպես վերադաս, եթե որևէ տեղեկատվություն չի տրվել իրեն, ի՞նչն էր խանգարում իրեն որպես ԳՇ պետ ստանալ այդ տվյալները»,- հարցադրում հնչեցրեց Դավթյանը։

Իսկ նախապատրաստվող պատերազմի մասին բոլորին, ովքեր ի պաշտոնե իրավասու էին լսելու զեկույցները՝ վարչապետին, Անվտանգության խորհրդին, ներկայացվել են տվյալներ, պատերազմի սցենարներ, նույնիսկ ավելի լայնածավալ պատերազմի՝ ՀՀ տարածքի ներգրավմամբ։

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են, բայց այլ հարց է, թե այդ քայլերն ինչքանով են բավարարում խնդիրները լուծելու համար։ Ցավոտ հարցերից է մնում ֆինանսների հատկացումը՝ ինչքան հնարավորություն ունի պետությունը հատկացնելու գումար ԶՈւ-ին կամ անվտանգությանը, որ լուծվեն առկա խնդիրները։ Նաև լուրջ խոչընդոտներ է առաջացնում տարբեր երկրներից սպառազինության և զինտեխնիկայի ձեռք բերումը։

«Զենքի ձեռք բերման շուկան շատ բարդ է։ Այնպես չէ, որ մենք ինչ ուզում ենք, կարող ենք գնել որտեղից ուզենք։ Այնպես չի, որ Չինաստանն ամեն ինչ պատրաստ էր մեզ տալու։ Պետք է կարողանանք նաև ձեռք բերված սպառազինությունը համատեղել մեր ունեցած սպառազինության հետ, հետագայում կազմակերպել այդ սպառազինության մասնագիտական սպասարկումը»,- ընդգծեց Արտակ Դավթյանը։

(Visited 50 times, 1 visits today)
Оцените статью