Փաստաթուղթն ստորագրելուց առաջ կարդացե՞լ ես, թե՞… Տիգրան Աբրահամյան

Nouvelles

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկո՛լ, այսօրվա հարցազրույցումդ ասում ես, որ ստորագրածդ խայտառակ փաստաթղթում կան այնպիսի անորոշություններ, ինչպես մինչ այդ քննարկված փաստաթղթերում, պայմանական ասած, մադրիդյան փաստաթղթի տարբեր մշակումներում։

Ասում ես, որ դրանք տարբեր կերպ կարող են մեկնաբանվել։

Ախր, դու հասկանո՞ւմ ես, թե մեզ, մեր ժողովրդին դժոխքի դուռն ես հասցրել, իսկ դու քո բերանով խոստովանում ես, որ հանձնում ես Արցախի շրջաններն անորոշ դրույթների և հեռանկարի ներքո,

որովհետև ստորագրածդ հայտարարությունում ամենահստակը, ցավոք, տարածքներ հանձնելու ժամկետներն են, իսկ մեխանիզմներն ու բազմաթիվ ձևակերպումները՝ ոչ միանշանակ, անորոշ։

Ի դեպ, կրկնում եմ՝ ինչպես ինքդ Պետրոսի հետ այսօրվա հարցազրույցում նշեցիր։
Չզարմանաս, բայց պետք է հարցնեմ՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացե՞լ ես, թե՞ բանավոր պարտադրել են, իսկ տեքստն ու դրա առանձնահատկություններն արդեն կարևոր էլ չեն եղել քեզ համար։

Երկրորդ, ստորագրելիս ժամանակ ունեցե՞լ ես մտորելու, մարսելու, ի վերջո հասկանալու այն, ինչի տակ ստորագրել ես։

Երրորդ, ինձ շատ զարմացնում է, թե ինչպիսի թեթևությամբ ես խոսում մեծ տարածքներ կորցնելու, մյուս մասը հանձնելու և արձանագրված մեծաթիվ զոհերի և վիրավորների մասին։

Եվ վերջինը, Նիկո՛լ, իսկ այս օրերին մտածե՞լ ես արդյոք, որ առաջիկա տարիների, դարերի հեռավորության վրա հող հանձնողի պիտակն արդեն դաջվել է ճակատիդ։ Ո՞նց, ի՞նչ խղճով ես ապրել և ապրելու»:

(Visited 352 times, 1 visits today)
Оцените статью