Գործող վարչապետը շատ ծանր վիճակում է. Զատուլինը կանխատեսել է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը

Nouvelles

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր է ստորագրել, կարող է հրաժարական տալ առաջիկայում: Նման կանխատեսում է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլին՝ gazeta.ru-ի հետ զրույցում:

«Գործող վարչապետը շատ ծանր վիճակում է: Երկրի ղեկավարի պաշտոնում նրա օրերը գործնականում հաշվված են: Շաբաթներ առաջ պատասխանատու քաղաքական գործիչներն արդեն խոսել էին իշխանությունը բանակին փոխանցելու անհրաժեշտության մասին: Փաշինյանը «թավշյա հեղափոխության» տարիների հաղթող և հայտնի առաջնորդից վերածվել է ոչ պոպուլյար գործչի»,-ասել է պատգամավորը:

Զատուլինի կարծիքով՝ հակամարտության երկու կողմերն էլ գոհ չեն ձեռք բերված պայմանավորվածություններից:

«Ռազմական գործողությունների դադարեցումը պարտադրված քայլ է երկու կողմերի համար: Ադրբեջանը ավելիի հույս ուներ և մեծացնում էր իր հարձակումը Թուրքիայի օգնությամբ, իսկ Հայաստանը ռազմական պարտություն է կրել և կորցրել է նախկինում զբաղեցրած տարածքները»,-եզրափակել է իր խոսքը Զատուլինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:

Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

(Visited 1 464 times, 1 visits today)
Оцените статью