Ինչ կատարվեց. Պատրաստ սկսելու պատերազմը

Nouvelles

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է ներկայացնել, թե ինչն է ստիպել կայացնել փաստացի կապիտուլյացիայի ծանր որոշումը: Ըստ Փաշինյանի, այդ պատճառների հիմքում ռազմաճակատի ծանր եւ ծանրացող դրությունն էր, ներքին տարբեր հանգամանքներ, այդ թվում հնարավոր դիտավորություններ:

Տեղի է ունեցել չափազանց ծանր իրողություն: Պատերազմում հայկական կողմը ոչ միայն չի հաղթել, այլ կորցրել է երեսնամյա հաղթանակի մի շոշափելի մասը: Ընդ որում, կորուստը ոչ միայն մարդկային, տարածքային է, այլ նաեւ ռազմա-քաղաքական:

Այդ ամենը պետք է լինի հայ հանրության հանգամանալից ու մանրամասն վերլուծության առարկան, թե ինչու պարտություն ստացանք: Անկասկած է մի հանգամանք՝ այդ պարտությունը բանակինը չէ: Հայկական բանակը չի պարտվել, պարտվել է այն պետությունը, որ այդ բանակի թիկունքն է կառուցում երեք տասնամյակ, տարբեր փուլերով:

Այդ պետությունը համարժեք չի եղել ռեգիոնալ ահռելի եւ աճող մարտահրավերներին: Ինչու՞, ո՞վ է դրա համար պատասխանատու, պետք է պարզել, քննարկել, եզրակացնել: Մի բան աներկբա է, որ դա չի կարող տեղի ունենալ պատասխանատվությունը նախկինից ներկա կամ ներկայից նախկին դնելու տեսարանների միջոցով: Ավելին, մեծ հավանականությամբ այդ տեսարաններով շարունակվելու է հայ ժողովրդին իր գլխավոր խնդիրների եւ հարցերի խորքային քննարկումից շեղելու գործընթացը:

Ունա՞կ է հայ ժողովուրդը գալ այդպիսի քննարկումների: Գտնվելու՞ է դրան ունակ հասարակական-քաղաքական էլիտա, պետության խնդիրները գերակայելու՞ են քաղաքական խմբերի եւ ուժերի, իշխանության ու ընդդիմության խնդիրներին:

Կա չափազանց ծանր իրավիճակ, այդ իրավիճակը նախ հոգեբանական մակարդակում հաղթահարելու խնդիր: Միեւնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք է ունենալու այն համաձայնագրի իրականացումը, որ ստորագրվել է նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի, ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի ձեռամբ:

Այդ համաձայնագիրը Ռուսաստանի դեմքը փրկելու համաձայնագիր է: Կա գնահատական, որ հայ ժողովրդի դեմ տեղի է ունեցել ռուս-թուրքական հերթական դավադիր պայմանավորվածությունը: Մեծ հաշվով այդպես է, բայց թերեւս կարեւոր նրբերանգով՝ առնվազն ներկայիս տեսքով համաձայնագիրը նաեւ Ռուսաստանի կապիտուլյացիան է, Կովկասում Ռուսաստանի պարտությունը Թուրքիային: Այն, ինչ կա թղթի վրա, ամենեւին Լավրովյան պլանը չէ, այլ էրդողանյան պլան, որտեղ պարզապես Պուտինը կարողացել է տեղ կորզել ռուս խաղաղապահների համար:

ՌԴ-ն պարտվել է երկարաժամկետ ռազմավարակա՞ն, թե՞ կարճաժամկետ տակտիկական իմաստով՝ որեւէ հեռանկարայաին հաջողության պլանով, պարզ չէ: Այստեղ առայժմ առկա է հերթական պարտության փաստը, իսկ թե ինչպես կզարգանա իրավիճակը, ցույց կտա ժամանակը:

Այդուհանդերձ, այդ պարտության փաստը իր մաշկի վրա ուղիղ զգացել է հայկական պետականությունը՝ Կովկասում ՌԴ միակ դաշնակիցը: Այդ պարտությանը սառնասրտորեն հետեւել են արեւմտյան աշխարհն ու Իրանը:

Հայաստանն ունի գերխնդիր՝ բեկել պատմության ընթացքը: Այդ բեկումը պետք է լինի ռազմա-քաղաքական բնույթի, հաղթանակը վերադարձնելու համար: Բայց բոլոր դեպքերում դա կարող է լինել առանցքում բանակի պարագայում: Հետեւաբար, հայկական բանակը պահելը, փայփայելը եւ արդիականացնելը հայկական պետականության, հայկական տնտեսության, գիտության խնդիրն է:

Հայաստանում քաղաքականությունը պետք է չափվի այդ խնդրի համեմատությամբ: Առավել եւս, որ հայկական պետականության թշնամիները հաջորդիվ թերեւս փորձելու են հարվածի տակ պահել բանակի հզորացման հեռանկարը:

Հայկական պետականությունը պետք է պատրաստվի հաջորդ պատերազմին, ընդ որում՝ թե ռազմա-քաղաքական, թե ռազմական իմաստով պատրաստ՝ այդ պատերազմը սկսողը լինելուն: Դա Կովկասում հաղթող լինելու առանցքային գրավականն է, որովհետեւ մենք գործ ունենք հայ ժողովրդի դեմ ամենեւին ոչ վերջին պատերազմի պլանի հետ:

(Visited 1 084 times, 1 visits today)
Оцените статью