Լսեք Արծրունին. Պատերազմն իր դաժան իրականությամբ արդեն շատ բան է փոխել

Nouvelles

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Արցախի ՊԲ այսօրվա հաղորդագրության կապակցությամբ արված գրառման մեջ նշել է. «Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»:

Արծրուն Հովհաննիսյանն ամենօրյա իր բրիֆինգներում մշտապես խոսում է այս մասին: Ընդհանրապես, նա նրբորեն զգում է հանրային, քաղաքական շրջանակների տրամադրությունները եւ իր բրիֆինգներում, գրառումներում փորձում «տեղը գցել» վիճակը՝ կանխել խուճապային ու անկումային տրամադրությունները, երկնքից իջեցնել խանդավառներին եւ այլն:

Սա շատ կարեւոր է, երիցս ճիշտ են նրանք, ովքեր ասում են, որ պատերազմի ներկայիս փուլում ամեն ինչ կախված է ոչ միայն բանակից, այլեւ հանրության վիճակից՝ նրա ամրությունից, վճռականությունից ու միակամությունից:

Պատերազմն իր դաժան իրականությամբ արդեն շատ բան է փոխել ու դեռ փոխելու է, եւ ամենակարեւորը՝ խորտակել ու խորտակում է կայսրությունների, բարեկամների ու թշնամիների, միջազգային հանրության, համընդհանուր նորմերի եւ այլնի առասպելաբանությունը, ինչն անկասկած աշխարհքաղաքական, աշխարհայացքային վերաիմաստավորման ու նոր դիրքեր դուրս գալու հնարավորություն է:

Սա ցավոտ ու դանդաղ ընթացք է, բայց անշրջելի: Պատերազմ է, եւ այս ընթացքն իր հերոսական պայքարով իրականացնում ու ամրապնդում է հայկական բանակն ու կամավորականը:

Պատերազմ է, մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը, ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Խոսքը ողջ աշխարհի հայության մասին է:

(Visited 331 times, 1 visits today)
Оцените статью