Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները. Բաբկեն Թունյան

Nouvelles

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Շատ կարեւոր պարզաբանում:

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով հստակեցվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված դրույթները:

Քանի որ այս ընթացքում շատերն են հետաքրքրվել այս հարցով, ասեմ՝ նախագիծը ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ։

Այսինքն, պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները, չի կարող ձեռք տալ ձեր ավանդներին։

Այնպես որ, հանգիստ եղեք։ Նախագծում հատուկ շեշտված է այդ դրույթը, եւ այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի կարող տալ»:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի տարածվում նաև արժեթղթերի և գույքային իրավունքների վրա։

Ամփոփենք, ըստ նախագծի՝ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի եւ գույքային իրավունքների), եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:

(Visited 218 times, 1 visits today)
Оцените статью