Մերկելը ցնցվում է, իսկ հայկական զինուժը գործ անում

Nouvelles

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտնել էր, թե ցնցված է ֆրանսիական Նիսի Մայր տաճարի մոտ տեղի ունեցած ահաբեկությունից, երբ դանակով զինված «ջիհադիստը» սպանել էր երեք մարդու:

Մերկելը մարդ է, իսկ մարդն իսկապես չի կարող չցնցվել այդօրինակ ողբերգությունից: Մարդ լինելու հետ մեկտեղ, Անգելա Մերկելն իհարկե նաեւ քաղաքական, պետական գործիչ է, այն էլ Եվրամիության առաջատար պետության ղեկավար, դրանից բխող ռազմա-քաղաքական ահռելի պատասխանատվությամբ ու առաքելությամբ:

Օրերս հայտնի դարձավ, որ Գերմանիան եղել է այն երկրների շարքում, որոնք արգելակել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների նախաձեռնությունը: Այդ շարքում են եղել նաեւ Իսպանիան, Հունգարիան, Իտալիան, Մալթան: Բայց այստեղ առանցքային է Գերմանիայի հանգամանքը, որովհետեւ առայժմ Գերմանիան է Եվրամիության անվիճելի առաջատարը:

Ըստ այդմ, Բեռլինի պարագայում առաջանում է հարց՝ ցնցվելուց բացի էլ ի՞նչ է հնարավոր անել հենց այդ՝ ռազմա-քաղաքական պատասխանատվության տիրույթում: Եթե իհարկե Գերմանիան չի մերժում տեսակետը, որ Նիսի ահաբեկության եւ ընդհանրապես Ֆրանսիայի դեմ «ջիհադիստական» ալիքի առաջնորդի կարգավիճակում էլ Էրդողանն է: Բեռլինը գուցե համաձայն չէ դրա հետ եւ կարծում է, որ այդ ամենի հետեւում պարզապես չար մարդիկ են, կամ «ռոմանտիկ ջիհադիստներ»:

Իհարկե, դա էլ դիրքորոշում է, որից այդ պարագայում թերեւս պետք է ցնցվեն արդեն եվրոպական հանրությունները: Որովհետեւ իսկապես ցնցվելու պատճառ է, երբ Եվրամիության առաջատար ռազմա-քաղաքական միավորը կարող է դրսեւորել այդօրինակ քաղաքական անհամարժեքություն կամ պարզապես երեսպաշտություն ու թուլություն:

Թեեւ, այս դեպքում էլ եվրոպական հանրությունները ցնցվելուց բացի, պետք է մտածեն ինչ որ բան անելու մասին, եթե դրան ունակ չեն իրենց կառավարությունները:

Պետք է արձանագրել մի պարզ փաստ՝ Եվրոպայի անվտանգության հարցում գործով զբաղված է այսօր մի սուբյեկտ, որն այդ Եվրոպայի եւ նրա հանրության առաջ չունի որեւէ պարտավորություն՝ հայկական բանակը, հայ ժողովուրդը:

Եվրոպական հանրությանը հարկավոր է միանալ եվրոպահայերին՝ ճանապարհները փակելու հարցում եւ պահանջներ դնել եվրոպական կառավարությունների առաջ, Եվրոպայի անվտանգության հարցում իրենց ռազմա-քաղաքական պարտավորությունները կատարելու համար:

Ընդ որում, եվրոպական հանրություն ասվածը չունի կրոնական սահմանազատում: Սահմանազատումը արժեհամակարգային է եւ մարդկային՝ մարդկանց վրա դանակով, Սմերչով, Լորայով, նաեւ գերմանական արտադրության մասերից կազմված Բայրաքթարներով, կասետային ռումբերով հարձակվողներ եւ սպանողներ, խոշտանգողներ, եւ մարդիկ, որ չեն անում դա եւ չեն անի երբեք, որեւէ նպատակով:

(Visited 8 049 times, 1 visits today)
Оцените статью