Վաշինգտոնը դրեց կարգավիճակի հարցը. հաջորդ քայլը

Nouvelles

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներն ավարտվեցին հայտարարությամբ, որով Պոմպեոն կոչ է անում վերադառնալ բանակցության` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների՝ բռնության չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների շուրջ:

Մեծ հաշվով, ԱՄՆ-ն Բաքվի առաջ դնում է կարգավիճակի հարցը: Այդ հարցը դնում է նաեւ Ֆրանսիան, իսկ Ռուսաստանը դա անում է ոլոր-մոլոր: Պուտինի նախօրեի հայտարարություններում պարունակվում էին ակնարկներ, օրինակ այն մասին, որ հակամարտությունը սկսել է հայերի դեմ էթնիկ հողի վրա գազանություններով, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել:

Այդ խոսքերի տողատակում նշմարվում էին «անջատում հանուն փրկության» տրամաբանության շոշափումներ: Միաժամանակ, Պուտինը խոսելով Թուրքիայի հետ որոշակի անհամաձայնությունների մասին, նշել էր` «Թուրքիան չի ճանաչում Ղրիմը, Ղարաբաղը»: Այսինքն, եթե Թուրքիան չի ճանաչում, պետք է ենթադրել, որ Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչո՞ւմ է:

Այդպիսով, եթե Մինսկի խմբի երեք համանախագահները այս կամ այն կերպ դնում են կարգավիճակի հարցը, դա լավ է:

Սակայն առաջանում է մեկ այլ հարց` Բաքուն չի ընդունում, չի ընդունում Անկարան, եւ շարունակում է պատերազմը: Այդ դեպքում երեք համանախագահները պատրա՞ստ են ճանաչել Արցախն ու դնել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակին փաստի առաջ: Եթե ոչ, եթե այս խոսակցությունն ունի ընդամենը «խորհրդակցական» կամ «բարոյական» նշանակություն, ապա դա արժեք չունի:

Թե՞ Թուրքիան այդուհանդերձ կարող է ընդունել կարգավիճակի հարցը, եթե Մինսկի խմբի համանախագահներն էլ ընդունեն միջնորդի կարգավիճակ ստանալու Անկարայի հավակնությունը: Թուրքիան հայտարարում է, որ ունի միջնորդ լինելու նույնքան իրավունք, որքան Ռուսաստանը:

Կդնե՞ն համանախագահները կարգավիճակի հարցը Թուրքիայի առաջ` փաթեթով, որպես «միջնորդական երդում»:Առայժմ փաստորեն պատերազը շարունակվում է, եւ զուգահեռ շարունակվում է դրա շուրջ քաղաքական խրթին գործընթացը, որը Վաշինգտոնում ստացավ նաեւ որոշակի խորհրդավորություն:

Համենայն դեպս, տեղեկություն շրջանառվեց, որ բանակցությանը ներգրավված է Թրամփը, որը նաեւ ասել է, թե ունեն լավ առաջընթաց: Թե ինչն է այդ առաջընթացը, պարզ չէ: Մյուս կողմից, հաշվի առնելով հրադադարի վերաբերյալ հայտարարված նախկին երկու փորձերը, այդպիսի հայտարարությունների բացակայությունը գուցե ավելի է վկայում ինչ որ էական զարգացման եւ քննարկման մասին, քան եթե լիներ հրադադարի վերաբերյալ նոր հայտարարություն:

Գլխավորն այստեղ այն է, թե որքանով է Մինսկի խմբի եռանախագահությունն աշխատում համակարգված: Պուտինը նախօրեին հույս էր հայտնել, որ ԱՄՆ կօգնի կարգավորմանը: Ինչ որ իմաստով իհարկե ԱՄՆ-ն օգնեց, վերահաստատելով կարգավիճակի հարցը: Չի բացառվում, որ շարունակությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կխոսի Ռուսաստանը:

Հետաքրքիր է, կլինի՞ Էրդողան-Պուտին շփում վաշինգտոնյան հանդիպումից հետո:

(Visited 3 022 times, 1 visits today)
Оцените статью