Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը…» Ալիև

Nouvelles

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։ Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենն անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը։

Նա հստակեցրել է, որ «Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»։

Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, «արդեն ընդունել է դրանք»։

«Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- խոստացել է Ալիևը։

Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «խաղաղ գործընթացը քանդելու» մեջ ու նշել, որ ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն, ի հայտ է եկել նոր իրողություններ։

«Կարծում եմ ՝ եկել է քաղաքական կարգավորման հասնելու ժամանակը», – ասել նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

(Visited 4 934 times, 1 visits today)
Оцените статью