Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտին

Nouvelles

Չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում՝ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում չեն համընկնում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նա խոսել է նաև հակամարտության ակունքների մասին։ Նախագահը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում` հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով:

«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում ծանր հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի դեմ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ:

«Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, և երկուսի հետ էլ ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ հաստատել: Մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը թույլ կտա ունենալ երկու կողմերի վստահությունը: Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որքան Ռուսաստանը»,- հավելել է Պուտինը:

Նա նշել է, որ շատ կցանկանար փոխզիջում գտնել Ղարաբաղի հարցում: ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մեր տեղեկություններով՝ հակամարտության ներկայիս սրացման սկզբից ի վեր Ղարաբաղում ընդհանուր առմամբ զոհվել է գրեթե 5000 մարդ»,- հավելել է ՌԴ նախագահը։

(Visited 9 807 times, 1 visits today)
Оцените статью