Ղարաբաղում պատերազմ չէ, այլ հայ ազգի ոչնչացում. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Nouvelles

Լեռնային Ղարաբաղ այցելած Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը EADaily- ի թղթակցին պատմել է իր ուղևորության տպավորությունների մասին: Նա շեշտել է, որ Կովկասում շարունակվող բախումները իրականում հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ (Թուրքիայի) կողմից զինված հարձակման առաջին օրինակն է:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է տեսել պատգամավորը ԼՂ-ում, Վիտալի Միլոնովը պատասխանել է` «Թուրքական անօդաչու թռչող սարքերը, «ԴԱԻՇ» -ը («ԻՍ». Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություն) վարձկաններ, ադրբեջանցի զինվորներ … Ստեփանակերտի կենտրոնի գնդակոծում, ավերված տներ, հուղարկավորություն»:

Նա նշել է, ադրբեջանցի զինվորներին հեռվից է տեսել։

«Քանի որ եթե մոտ լիներ, ապա կա՛մ նրանք ինձ կսպանեին, կա՛մ ես նրանց: Շատ հնարավոր է, որ նրանք ադրբեջանցի զինծառայողներ չեն եղել: Չնայած բավականին դժվար է հասկանալ՝ նրանք ադրբեջանցի զինծառայողնե՞ր են, թե՞ իգիլիայից վարձկաններ:

Նրանք երբեք հայերին գերի չեն վերցնում, նրանք գնդակահարում են նրանց: Անմիջապես մահապատժի ենթարկում»,-ասել է ՌԴ Պետդումայի պատգամավորը` հավելելով, որ դա է բացարձակ ճշարտությունը։

«Կան ցնցող կադրեր, թե ինչպես են ադրբեջանական ռազմական համազգեստով մարդիկ գալիս գյուղ, գերեվարում 75-ամյա մի տղամարդու, փաթաթում նրան Հայաստանի դրոշի մեջ, ապա կրակում: Նրանք նկարահանել են այդ ամենը ու քրքջացել: Այն, որ սրանք բարբարոսներ են` միանշանակ է»,-իրավիճակը ներկայացրել է Վիտալի Միլոնովը:

Նա նշել է, որ իրականում ադրբեջանցիները որևէ բանակ չունեն: Դա միֆ է` «Ինստագրամ»-ում «սելֆի» անելու համար:

«Նրանց մոտ հիմա մի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի կեսն է նստած, մյուս կողմից՝ հետախուզական և հարվածային իսրայելական անօդաչուները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլև անմիջապես Հայաստանի տարածքում: Ես ինքս տեսել եմ այդ անօդաչուները»,- պատմել է պատգամավորը:

Նրա խոսքով, բնակչության 99%-ը հույս ունի, հավատում է, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից, քանզի այն, ինչ անում է ադրբեջանական բանակը, դա պատերազմ չէ:

«Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական վերացում է: Ընդհանուր առմամբ, դա 1915թ. օսմանյան ագրեսիայի կրկնությունն է»,-կարծում է Միլոնովը:

Այն հարցին՝ արդյո՞ք ռուսական դիրքերն Անդրկովկասում ուժեղ են, ինչպես նախկինում, ՌԴ-ն ունի՞ այդքան հեղինակություն, որ կարողանա ազդել նման բարդ իրավիճակի վրա, պատգամավորը նշել է, որ իրենք անում են դա, փորձում են: Նրա կարծիքով՝ եթե չլիներ Ռուսաստանը, ապա այնտեղ շատ ավելի վատ կլիներ:

«Մենք, սակայն, չպետք է թուլանանք: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության անդամ, խաղն ըստ կանոնների է վարում, իսկ Թուրքիան խաղում է առանց կանոնների: Թուրքիան խախտում է բոլոր երևակայելի կանոնները:

Սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը չէ, սա, անկասկած, թուրքական աշխարհաքաղաքական ընդլայնում է և Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ, քանի որ այդ հանրապետությունն այժմ վերածվելու է ինչ-որ պրոտեկտորատի: Իսկ Իլհամ Ալիևը, ով այժմ իշխանության ղեկին է, հենց այս պահին իր անձնական խնդիրներն է լուծում, և անում է դա իր սեփական բնակչության հաշվին»,- նշել է ռուս պատգամավորը:

Միլոնովը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպել չի ստացվել: Նրանց կողմից լսվել են միայն սպառնալիքներ, որ իրեն կգտնեն, կգնդակահարեն, կկախեն, ինչպես բոլոր հայերին: Նրա խոսքով՝ դա ադրբեջանական բանակին բնորոշ երևույթների շարքից է՝ խիստ դեմք ընդունել տեսախցիկի առջև՝ զենքը ձեռքին, իսկ վտանգի դեպքում այնպես վազել, որ միայն կրունկներն փայլեն:

Իրանի հետ կապված հարցին, Միլոնովը նշել է, որ Թուրքիայի ծրագրերում է կտրել կապը Իրանի և Հայաստանի միջև, քանի որ կան առևտրային կապեր, Իրանից Հայաստան ճանապարհ կա: Խնդիրն է՝ կտրել այդ ճանապարհն ամբողջությամբ և միջանցք բացել դեպի Նախիջևան:

Պատգամավորը նշել է, որ այս այցը բացառապես իր նախաձեռնությունն է եղել: Նա նաև ասել է, որ իր գործընկերներին կառաջարկի անհապաղ ընդունել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններ դիմելու բանաձև՝ արյունահեղության դադարեցմանն աջակցելու համար:

(Visited 1 838 times, 1 visits today)
Оцените статью