Արցախը կմիացնի՞ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին․ Պոմպեոյի խորհրդավոր ակնարկը

Nouvelles

«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունը: Մենք այնքան քիչ դեպքեր ունենք, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկել են», ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

Ղարաբաղում պատերազմի բռնկման առաջին օրերից Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հույս են հայտնում Վաշինգտոնի հետ սերտ համագործակցության հարցում։ Մի կողմից, Թուրքիային ի վիճակի է զսպել միայն ԱՄՆ-ն, մյուս կողմից՝ Ղարաբաղի խնդիրն իսկապես այն միակ հարթակն է մնացել, որտեղ Ռուսաստանը հավասար դիրքերում է Արեւմուտքի հետ։

Այլ խնդիրներում Ռուսաստանը հավասարացվել է «տարածաշրջանային տերության» մակարդակին, ընդ որում՝ Թուրքիայի հետ, դուրս մնալով որոշում կայացնող երկրների ակումբից։ Մոսկվայում կարծիքներ են հնչում, որ Ղարաբաղի խնդիրը կարող է դառնալ Արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման առիթ։

Ղարաբաղում Մոսկվան հայտարարել է իր չեզոքության մասին, սակայն այդ դիրքը պահելու համար նրան անհրաժեշտ է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությունը։ ԱՄՆ-ն նկատելի մի կողմ է քաշվել, թեեւ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն մի շարք էական հայտարարություններ արեց, Ադրբեջանին փաստորեն ճանաչելով ագրեսոր, Թուրքիային կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը եւ հույս հայտնելով, որ հայերը կդիմանան ադրբեջանցիների գործողություններին։

Ռուս փորձագետները, ովքեր աշխատում են Հարավային Կովկասի թեմաներով, նշում են, թե այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են Ռուսաստանին Հարավային Կովկասում։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն պահում է չեզոքություն։

Մոսկվան չի ցանկանում Կովկասը «կիսել» Թուրքիայի հետ, հասկանալով, որ ալիքը այդպիսով չի կանգնելու, բայց Թուրքիան երկու անգամ ծանր իմիջային հարված է հասցրել Մոսկվային, թույլ չտալով զինադադարի մասին համաձայնագրի իրականացումը, նշում են փորձագետները։

Իրավիճակը չափազանց նուրբ է Մոսկվայի համար՝ Հարավային Կովկասում մնալու եւ Ադրբեջանը պահելու համար Հայաստանի հանդեպ չեզոքությունը խնդրահարույց է, ինչը վկայեց Լավրովն իր տխրահռչակ պլանով։ Հակառակ պարագայում Մոսկվան կանգնած է Թուրքիային զիջումների գնալու հրամայականի առաջ, տագնապով ակնարկում են «պրոհայկական» ռուս փորձագետները։ Այդ տագնապը հասկանալի է՝ երկու դեպքում էլ Մոսկվայի համար իրավիճակը փակուղային է, եթե չբնորոշենք այլ բառով։ Դա չեզոքություն պահելու հետեւանքն է։

Կա մի տարբերակ, երբ Մոսկվան կարող է դուրս գալ այս փակուղուց՝ եթե ԱՄՆ-ն ճանաչի Արցախի անկախությունը, կամ ՄԱԿ-ի ԱԽ մակարդակով կիրառվի Կոսովոյի տարբերակը։ Կա՞ նման հնարավորություն։ Պոմպեոյի հայտարարությունները կարո՞ղ են նշանակել, որ քննարկվելու է անկախության ճանաչման հարցը։ Թե՞ հայերին ուղղված հույսը՝ որ կդիմանան ադրբեջանական գործողություններին եւ բանակցություններում կփորձեն հասկանալ խնդրի ողջ բարդությունը, խորհրդավոր ու բազմանշանակ ակնարկ է հայերին։

Ի դեպ, հոկտեմբերի 19-ին ՄԱԿ ԱԽ փակ նիստում քննարկվելու է Ղարաբաղի հարցը։

(Visited 6 543 times, 1 visits today)
Оцените статью