Բեկումնային պահ. այս օրերին վճռվում է ամեն ինչ

Nouvelles

Ապշերոնյան հանցախմբի պարագլուխը հայտարարել է, որ ստատուս քվոն այլեւս չկա: Թուրքական ԶԼՄ-ներին նա փաստացի խոստովանել է, որ խախտել է հրադադարը, ասելով, որ ձգտում են որքան հնարավոր է մեծ տարածք գրավել՝ հայկական կողմին պարտադրելու իրենց պայմանները:

Բաքուն համաձայնություն է տվել մոսկովյան փաստաթղթին, որում բացակայում են նրա մի շարք նախապայմաններ, մասնավորապես՝ Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին: Եվրամիությունից ասվել է, որ հայկական զորքերի դուրս բերումը դժվար իրագործելի նախապայման է: Այս նախապայմանը սակայն երեկ կրկնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը ՌԴ իր պաշտոնակից Շոյգուի հետ հեռախոսազրույցում:

Բաքուն շարունակում է հարձակումներն այս նախապայմանները պարտադրելու, ինչպես նաեւ «հաղթանակ» ցույց տալու համար: Բացի այդ, հստակ է, որ Բաքուն չի համաձայնելու Արցախի որեւէ կարգավիճակի: Բաքուն փորձում է հասնել այնպիսի դիրքերի, որոնք թույլ կտան իրականացնել այս ծրագիրը, քանի որ հասկանալի է՝ բանակցությունների պահին նա չի համաձայնելու զորքերը հետ քաշել ելման դիրքեր:

Մոսկովյան փաստաթղթի շուրջ անորոշությունները շատ են, միեւնույն ժամանակ կողմերին «ժամանակ է տրված» ամրագրելու շփման գիծը, ինչը չափազանց կարեւոր է հետագա զարգացումների համար: Հայաստանը համանախագահների առջեւ դրե՞լ է 1994 թ. բնագծերին վերադառնալու խնդիր՝ որպես բանակցությունների պայման:

Անորոշություն է նաեւ կարգավորման շուրջ: Ֆրանսիան առաջարկում է տարածք կարգավիճակ բանաձեւը մեկանգամյա ակտի ձեւով, ԱՄՆ-ում խոսում են Կոսովոյի տարբերակի մասին՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւով, Ռուսաստանի պարագայում հստակություն չկա:

Միով բանիվ, բեկումնային պահ է՝ այս օրերին որոշվում է ամեն ինչ: Առաջնահերթ խնդիրը մեր բանակին ամեն կերպ աջակցելն է շահեկան բնագծերի դուրս գալու հարցում, ինչն էլ թելադրելու է հետագա որոշումների տրամաբանությունը: Բացի այդ, վերջապես պետք է հստակեցնել հայկական կողմի մոտեցումներն ու պահանջները կարգավորման լայն համատեքստում:

(Visited 3 678 times, 1 visits today)
Оцените статью