Առաջին զգուշացումը Թուրքիային. ԱՄՆ արթնացա՞վ

Nouvelles

Թուրքիան ռազմական աջակցություն է ապահովում Ադրբեջանին արցախյան հարցի շուրջ Հայաստանի հետ հակամարտությունում, եւ Վաշինգտոնը կոչ է անում չանել դա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Մենք տեսել ենք, որ Թուրքիան աջակցություն է ապահովում Ադրբեջանին: Մենք բոլոր միջազգային խաղացողներին կոչ ենք հղել, որ չմիջամտեն ռեգիոնի իրավիճակին», հայտարարել է Պոմպեոն:

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն փաստացի առաջին անգամ Թուրքիային չմիջամտելու կոչ է անում: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է ձեւակերպումը՝ բոլոր միջազգային խաղացողներին: Էլ ու՞մ նկատի ունի Պոմպեոն, Թուրքիայից բացի: Էլ ո՞վ է միջամտում: Արդյո՞ք խոսքը Իսրայելի եւ Պակիստանի մասին է:

Արդյոք ԱՄՆ-ն արթնանում է մոտ երեքշաբաթյա «նիրհից» եւ աշխուժանում Կովկասում պատերազմի դադարեցման գործում:

Այն, որ պատերազմի դադարեցումը հնարավոր է Թուրքիային զսպելով, եւ այն, որ Վաշինգտոնն է Թուրքիային լայն իմաստով զսպման գլխավոր գործոնը, թերեւս անկասկած է: Ավելին, հնարավոր է Արցախի դեմ թուրքական գրոհը պլանավորվել եւ իրականացվել է նաեւ հաշվարկով, որ նախագահի ընտրության եզրափակիչ վճռորոշ փուլով զբաղված Նահանգները բավարար ուշադրության չի արժանացնի իրավիճակը, եւ հնարավոր կլինի օգտվել ժամանակից եւ լուծել ռազմական հարցեր:

Մեծ հաշվով, Թուրքիայի այդ հաշվարկը մասամբ արդարացվեց՝ այսինքն ԱՄՆ իսկապես մեծ ուշադրության չարժանացրեց պատերազմը, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը արեց բազմիմաստ հայտարարություն՝ բոլորի հետ լավ հարաբերություն ունենք, տեսնենք, թե կարո՞ղ ենք դադարացնել այդ ամենը:

Այլ հարց է, որ ռազմական բլից-կրիգի հաջողության հաշվարկը արդեն բուն ռազմաճակատում տապալեց հայկական բանակը:

Միեւնույն ժամանակ, արդյոք ԱՄՆ զբաղված էր եւ շեղված, թե՞ հետեւում էր իրադարձությունների զարգացմանը, սանձազերծված պատերազմի խորքային շերտերը դիտարկելու կամ բացահայտելու, ըստ այդմ հաջորդիվ անհրաժեշտության դեպքում քայլեր կատարելու համար:

Բացառել պետք չէ ոչինչ, ընդհուպ այն, որ Վաշինգտոնը գերադասեց այդ շերտերում որոշակի ժամանակ մեն-մենակ թողնել Թուրքիային ու Մոսկվային:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ», հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը:

Առայժմ ռուս-ամերիկյան առերես շփում տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Ժնեւում՝ Տրամպի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Օ՛Բրայանի եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւի միջեւ:

Հատկանշական է երկու հանգամանք: Ի՞նչ մակարդակում առերես շփումները չբացառելու մասին է խոսքը՝ Պոմպեո-Լավրո՞վ, թե՞ ընդհուպ Պուտին-Թրամփ: Հետաքրքիր է նաեւ, որ Րյաբկովը խոսում է «այդ թվում մինչեւ ընտրությունները» ժամանակահատվածում առերես շփման հավանականության մասին:

Դա նշանակում է, որ Ռուսաստանը մինչ այդ դիտարկու՞մ է ռազմական գործողությունների շարունակության հավանականություն՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ նախագահի ընտրությունը նոյեմբերին է: Թե՞ ԱՄՆ աշխուժացումը կարող է բերել Թուրքիայի զսպման եւ ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատման, որից հետո ԱՄՆ-ՌԴ առերես շփումը կլինի արդեն քաղաքական գործընթացի շրջանակում:

Հատկանշական է եւ այն, որ այս որոշակի աշխուժացումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի կոչի ֆոնին, որով նա Սպիտակ տանն ու Պետքարտուղարությանը կոչ էր արել զսպել Թուրքիային եւ հասնել հրադադարի: Արդյոք Սպիտակ տունը լսել է կոչը, եւ արդյո՞ք դրանում դեր ունի նախագահի ընտրությանը հայ ընտրողների դիրքորոշման հանգամանքը:

(Visited 10 142 times, 1 visits today)
Оцените статью