Ալբերտ, բա խի՞ տեղդ դատարկ թողեցիր

Nouvelles

Մայրամուտի վերջին շողերն էին. Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում Մերօրյա զինվորի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի հոգեհանգիստն էր:

Եկեղեցու պատերը սառն էին, այդ պահին Աստված շոյեց Ալբերտի մոր դեմքը:

Հայրը լուռ էր, ցավը ատամներով ամուր սեղմել էր:

Մոր հայացքը դառն էր, բայց ոչ հուսահատ, ոչինչ չէր խոսում, արցունքը ձեռքով սրբում, հետո հայացքով սփոփում էր ներկաներին:

Ալբերտի չորս կողմը ծանոթ ու անծանոթ մարդիկ էին հավաքվել:

Անծանոթներն ավելի շատ էին…

Անծանոթներն ավելի մռայլ էին…

Բայց ծանոթների ու անծանոթների հպարտության շաղախը ցավի հետ միախառնված նույնն էր…

«Ալբերտս, բալա ջան, բա խի՞ տեղդ դատարկ թողեցիր»:

Եկեղեցու բակում հեկեկաց մի տարեց կին, ով գուցե Ալբերտի հարազատներից մեկն էր, կամ գուցե անծանոթ մեկը, ում համար աշխարհը դատարկվել էր Ալբերտի բացակայությամբ:

«Քանի օր ա մայրը քուն չունի, վախենում էր իր բալին հանկարծ չգտնեն, կամ վերցրած լինեն…»

Տարեց կանանցից մեկի խոսքը եկեղեցու բակում սառը ցնցուղ էր ներկաների համար: Սփոփանք:

Ծանոթ ու անծանոթ մարդիկ պտտվում էին Ալբերտի փակ դագաղի կողքով:

Օրը մթնել էր, եկեղեցու բակում կայանած մեքենաներից մեկի ռադիոալիքը սահմանից հերթական բոթն էր հայտնում:

Մռայլված ծանոթ ու անծանոթ մարդիկ միախառնվել էին: Բոլորս հարազատ էինք իրար:

Պատերազմ է:

(Visited 115 times, 1 visits today)
Оцените статью