Ինչպես արցախյան պատերազմը «պայթեցրեց» աշխարհը

Nouvelles

Սխալ հաշվարկը հանգեցրեց գերտերությունների համախմբմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Ֆրանսիան գրոհայինների ներկայությունն ապացուցված փաստ են համարում։ Իսկ դա փոխում է իրադարձությունների ողջ դասավորվածությունը։ Եվ ոչ հօգուտ Անկարայի ու Բաքվի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ, որն իր միանշանակությամբ պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։

«Մենք հստակ տեղեկություն ունենք, որը մատնանշում է այն, որ սիրիացի զինյալները լքել են մարտի դաշտը Գազիայնթափ (գավառ Թուրքիայի հարավում)՝ միանալու համար Արցախում ընթացող մարտական գործողություններին։ Սա շատ լուրջ է։ Առաջիկա ժամերին մենք կքննարկենք դա այստեղ գագաթնաժողովին», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է. «Իրանի պետական սահմանին անմիջապես հարող տարածք են մտցրել Մերձավոր Արևելքից այն նույն վարձկաններին,

որոնց դեմ իրանցի կամավորներն ու զինվորները արդեն երկար տարիներ մարտնչում են իրենց երկրի հեռավոր մատույցներում։ Ստեղծված իրավիճակում Թեհրանը սատարելու է հայերին՝ ելնելով սեփական, անձնական աշխարհաքաղաքական շահերից ու անվտանգությունից»։

ԻԻՀ–ի սահմանների մոտ ցանկացած կտրուկ շարժում Թեհրանի համար անթույլատրելի է

Իրանի դիրքորոշումը Արցախի դեմ իր շեմին Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմի վերաբերյալ՝ շատ պարզ է. ցանկացած կտրուկ շարժում պաշտոնական Թեհրանի համար ոչ միայն անցանկալի է, այլև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում,

որում հայտնվել է երկիրը (ԱՄՆ ճնշումներ, տնտեսական ու ներքաղաքական խնդիրներ), ցանկացած նման գործողություն Իսլամական Հանրապետության պետական սահմանի մերձակայքում Թեհրանի համար պարզապես անթույլատրելի է։

Եվ եթե Թեհրանն այդ մասին բարձրաձայն չի հայտարարում արտաքին քաղաքական բեմահարթակներում, դա ամենևին չի նշանակում, որ ԻԻՀ–ի ղեկավարությունը կարող է ինքնահոսի թողնել այն, ինչ տեղի է ունենում արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

Առավել ևս, եթե խոսքը հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդի` Թուրքիայի ակտիվացման մասին է։

Ավելին, Ստեփանակերտի և Բաքվի միջև զինված բախումներում վարձկանների (որոնք ծառայությունները Ադրբեջանին տրամադրել է Թուրքիան) առկայության մասին տեղեկությունը Իրանի ղեկավարությանը ստիպում է իսկապես լարվել։ Չէ՞ որ խոսքն այն գլխակեր զինյալների մասին է, որոնց դեմ արդեն որերորդ տարին է իրանցի կամավորները կռվում են ոչ միայն Սիրիայում, այլև Մերձավոր Արևելքի բոլոր մյուս պայթյունավտանգ կետերում։

Եթե մի կողմ դնենք գաղափարական բաղադրիչը, Իրանը իրականում ֆինանսավորում ու օգնում է նույն Սիրիային հենց այն պատճառով, որ այդ երկիրը պայքարում է համաշխարհային ահաբեկչության դեմ։

Ավելի կոնկրետ` որպեսզի «Իսլամական պետության» (ԻՊ` ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում –խմբ.) և այլ ահաբեկչական խմբավորումների թափթփուկները չկարողանան մոտենալ Իրանի պետական սահմաններին։

Անկարան և Բաքուն իրենց հաշվարկներում սխալվեցին, երբ խաղադրույք կատարեցին ահաբեկիչ–վարձկանների վրա

Եվ ահա հանկարծ Թեհրանը տեղեկանում է, որ իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը` Թուրքիան, հարավկովկասյան տարածաշրջան այդ նույն ջիհադիստների և զինյալ ահաբեկիչների մի ամբողջ բանակ է մտցնում։ Մտցնում է այն պատճառով, որ ի սկզբանե բոլորի համար պարզ էր` ադրբեջանական բանակն ի զորու չէ հավասարը հավասարի պես կռվել արցախյան բանակի հետ։

Դրա վկայությունն է հեռավոր 90-ականների սկզբի պատերազմը, ինչպես նաև մի շարք զինված հակամարտությունները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին և որոնցում Բաքուն պարտվել է բոլոր չափանիշներով։

Սակայն կոնկրետ Անկարային այս տարիներով ծխացող հակամարտության ռազմական սրացումը օդի պես է անհրաժեշտ, քանի որ մյուս կետերում` նույն Լիբիայում, սիրիական պլացդարմում, թուրքերը վերջին շրջանում ամեն անգամ ջախջախիչ պարտություն են կրում ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական բեմահարթակներում։

Այդ պատճառով էլ Անկարան ձեռնարկել է հերթական կոշտ ռազմական հակազդմամբ այս արկածախնդրությունը` ծանր զրահատեխնիկայի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի, խոշոր տրամաչափի հրետանու և ավիացիայի օգտագործմամբ։

Եվ որպեսզի հասնեն արցախյան բանակի նկատմամբ ադրբեջանական բանակի փոքր–ինչ գերազանցության մարտի դաշտում, թուրքերն օգնության են ուղարկել այն վարձկաններին, որոնց ծառայություններից վաղուց արդեն օգտվում են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հարավում։

Սակայն Անկարայում կարծես թե չեն հաշվարկել ակնհայտն ու ամենագլխավորը` Արցախի և Ադրբեջանի միջև մարտերում վարձկանների առկայության գործոնը շատ արագ հայտնի կդառնա միջազգային հանրությանը։ Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունների «արդարացումները» կապված այն բանի հետ, որ արցախյան ճակատներում վարձկաններ չկան, չեն աշխատի, քանի որ ապացույցներն ակնհայտ են։

Թուրքերը չեն մտածել նաև այն մասին, որ վարձկան–ահաբեկիչների ներկայությունը կարող է առիթ դառնալ, որ արցախյան խնդրի վերաբերյալ դիրքորոշումները մերձենան, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ–երկրների ղեկավարների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ։ Կամ որ դա կոնկրետ թեմա կդառնա ՌԴ և ԻԻՀ ԱԳՆ–ների առանձին պաշտոնական հայտարարությունների համար։

Հարևան Բաքվի նկատմամբ Թեհրանի կոշտ մոտեցումներից այսուհետ խուսափել չի լինի

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում մեկնաբանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, այդ հարցում Մոսկվայի և Թեհրանի մոտեցումներն ամբողջովին համընկել են։ Եվ դա վկայում է այն մասին, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Ֆրանսիան փաստորեն զինյալների ներկայության փաստն ապացուցված են համարում։ Իսկ դա փոխում է իրադարձությունների ողջ դասավորվածությունը։ Այն էլ՝ ոչ ի օգուտ Անկարայի և Բաքվի։

Փորձագետի խոսքով` Իրանի լռությունը վկայում է միայն այն մասին, որ Թեհրանը արտաքին քաղաքական հարթակում գործում է իրեն բնորոշ ձևով։ Հանգիստ, բարձրագոչ հայտարարություններ չանելով, փորձելով կշռադատել յուրաքանչյուր փոքր քայլ արտաքին քաղաքական ասպարեզում, գործում է բացառապես ելնելով սեփական շահերից։ Իսկ այդ շահերը ներկա պահին գրեթե լիովին համընկնում են Ռուսաստանի շահերի հետ։

Եվ վտանգներն էլ երկու այդ պետությունների համար գրեթե նույնն են։ Չէ՞ որ Մոսկվայի համար Մերձավոր Արևելքից վարձկանների ներկայությունը Հարավային Կովկասում նույնքան վտանգավոր է, որքան և Թեհրանի համար։ Քանի որ հրոսակների նույն այդ զինված ջոկատները փորձում են ամրապնդվել Կովկասում՝ ՌԴ պետական սահմանին հարող տարածքներում։

Ու ամենագլխավոր գործոնը, որի մասին խոսում է Վարդան Ոսկանյանը։ Թեհրանում հիանալի հասկանում են, որ արցախյան պլացդարմում Անկարայի և Բաքվի համատեղ գործողությունների գլխավոր նպատակներից մեկը Հայաստանին Իրանից անջատելն է։ Եվ Իրանի պետական սահմանին մոտ տարածքներում Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած թեժ ռազմական գործողությունները վկայում են միայն այդ մասին։

Իսկ դա նշանակում է, որ իրանցիները աջակցելու են հայերի դիրքորոշմանը՝ ելնելով գոնե սեփական աշխարհաքաղաքական շահերից։

Եվ վերջինը։ Իրանի ղեկավարությունը հասկանում է, որ արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցողը չի կարող չանդրադառնալ ներքին քաղաքական իրավիճակի վրա բուն Իրանի ներսում։

ԻԻՀ հյուսիսային գավառներում, որտեղ թուրքալեզու բնակչություն է ապրում, ըստ Ոսկանյանի, արդեն իսկ աշխատում են Անկարայի և Բաքվի էմիսարները, հավաքագրելով նրանց, ովքեր «արյան գնով» ուզում են հնարավորինս շատ «ապշերոնյան նավթադոլարներ» աշխատել։

Դա, մեղմ ասած, չի կարող դուր գալ Իրանի հատուկ ծառայություններին, ու Բաքվի նկատմամբ Թեհրանի կողմից բավական կոշտ մեկնաբանություններն ու մոտեցումներն առաջիկայում անխուսափելի կլինեն։

 

(Visited 213 times, 1 visits today)
Оцените статью