Թուրքիայի դատավճիռը կայացվե՞ց. կարմիր գիծը

Nouvelles

«Կարծում ենք՝ կողմերից մեկին հավանական ռազմական աջակցություն ցույց տալու վերաբերյալ հայտարարությունը լարվածության հետագա սրման գործում ամենայն հավանականությամբ կրում է սադրիչ բնույթ: Մենք կարծում ենք, որ այսօր նման հայտարարությունները շատ վնասակար են:

Եվ, իհարկե, մեր կարծիքով, այս հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք», հոկտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը չի տալիս Թուրքիայի անունը, սակայն անում է հայտարարություններ, որոնք վերաբերում են շատ հստակ իրավիճակի, առավել եւս, որ այդ գնահատականը հնչում է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների հայտարարության ֆոնին:

Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակն ու առանց նախապայմանի սկսել բանակցություն:

Երրորդ երկիրը Թուրքիան է, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները կազմում են միջնորդական շրջանակ, որը զբաղվում է խաղաղ գործընթացով:

Չկա որեւէ այլ երկիր, Թուրքիայից բացի, որն անում է գործընթացում անմիջական դերակատարման որեւէ նկատելի փորձ: ՌԴ անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը, եւ դրա անդամները արձանագրել են, որ ծայրաստիճան վտանգավոր է ռեգիոն Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների տեղափոխումը, հայտարարել է Պեսկովը:

Դրան զուգահեռ, պատերազմական իրադրությունում Ադրբեջանը հոկտեմբերի 1-ին ստանում է ծանր հարվածներ: Միայն օրվա առաջին կեսին հայկական ՀՕՊ ուժերը խոցել են երեք ռազմական օդանավ եւ երկու ուղղաթիռ, մոտ տասնյակի հասնող ԱԹՍ:

Ընդ որում, դա այն բանից հետո, երբ Հայաստանի ՊՆ նախօրեին հայտարարեց, որ պատերազմի ռազմաօդային կառավարումը Բաքուն սեպտեմբերի 30-ից հանձնել է Թուրքիային:

Կայացվե՞լ է թուրքական արկածախնդրության «դատավճիռը» Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մակարդակով:

Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Կովկաս՝ ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետը, նշելով, որ Թուրքիան վերադարձել է հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակելու նպատակով, որպեսզի բացի իր ագրեսիայի ճանապահը դեպի հյուսիս, հարավ եւ արեւելք:

«Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է, եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»:

Հայ ժողովուրդը ոչ այնքան նոր է ստանձնում այդ առաքելությունը՝ առնվազն վերջին հարյուր տարում հայ ժողովուրդը եղել է այդ առաքելության դիրքում, այլ գուցե ստանձնում է դրա պատմա-քաղաքական ձեւակերպման պատասխանատվությունը: Արդյոք տեղի կունենա այդ առաքելության քաղաքական ճանաչումը:

(Visited 6 163 times, 1 visits today)
Оцените статью