Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա․ Արայիկ Հարությունյան

Nouvelles

Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել, կարելի է ասել՝ ընթացել են շատ ակտիվ ու լայնածավալ մարտական գործողություններ՝ Օմարից մինչև Արաքս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, և մենք, և հակառակորդը։ Իհարկե, հակառակորդի կորուստները անգամներով ավելի շատ են։

«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների առումով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով։ Սա ամենամեծ ու ոչ մարդկային բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք։ Ունենք բազմաթիվ փաստեր արդեն, որ մարտական գործողությունները պլանավորել էին շատ վաղուց»,- հավելեց նա։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Թուրքիայի մասնակցությունը պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամիսների կամ մի քանի տարիների ընթացքում չի ձևավորվել։

«Բայց ուզում եմ նշել, որ հիասթափվելու են, չի ստացվելու, որովհետև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտապնել հայրենի հողը։ Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր էլ շարունակում է կռվել։

Որովհետև ունենք արցախյան առաջին պայքարի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից մարտական ընկերներ, ովքեր երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 տեխնիկա առգրավել ու այսօր օգտագործել հակառակորդի դեմ։ Որովհետև ունենք հայրենակից, ով վերցնելով նռնակները, նետել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել ու վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին։

Որովհետև ունենք հայրենակից, որը ժամերի ընթացքում թողել է եվրոպական իր հաճելի կյանքը, մեծ ունեցվածքը և այսօր գտնվում է առաջնագծում։ Որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում և այդ նույն վարձկաններին մեր գլխին պատուհաս չենք սարքում ժամանակի ընթացքում։

Եվ ուզում եմ հայտարարել, որ Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը

(Visited 139 times, 1 visits today)
Оцените статью