Ռուսաստանը բոլորին կոչ է անում ուշադիր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հռետորաբանության մեջ։ Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ իրավիճակի սրումը շատ վտանգավոր է, կողմերը 2016թ.-ից ի վեր առաջին անգամ օգտագործել են ծանր զինատեսակներ։
«Բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով:
Այժմ կարևոր է լինել առավելագույնս ուշադիր և զգույշ, անհապաղ հասնել հրադադարի և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Ռուդենկոն հույս է հայտնել, որ հակամարտության լուծմանը կօգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համագործակցությունը։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում «ասել է գրեթե նույնը, ինչ մնացած հիմնական խաղացողները»։
Ռուդենկոն հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե Ադրբեջանի կողմում կռվում են վարձկաններ Սիրիայից։