Սա ինչ վերաբերմունք է մարդու նկատմամբ, սա ինչ մոտեցում է, սա ինչ կառավարման ոճ ու ձև է. Արթուր Սաքունցի դիպուկ գրառումը

Nouvelles

Արդեն որևէ կասկած չկա, որ հունիս-օգոստոս ամիսների ժամանակահատվածում ինչ որ որոշում է կայացվել, որի արդյունքում իշխանության մոտեցումներում տեղի է ունեցել արմատական փոփոխություն։

Ի դեպ, այդ փոփոխությունն ունի իշխանության վարքագիծն ավելի կոշտացնող բնույթ։

Թե ինչ դրսևորումներ կունենա այդ փոփոխությունը ավելի պարզ կդառնա առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում։

Ինչով է հիմնավորվում նման պնդումը։

Փորձենք պատասխանը գտնել, վերլուծելով այսօրվա վարչապետի մեկ որոշումն ու նրա հետ կապված իրավիճակը։

Եվ այսպես։

Կարդում ենք․»»ՀՀ վարչապետի որոշմամբ, Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին:»

Իսկ հիմա ՀՀ վարչապետի որոշման մեջ հղում արված իրավական նորմի մասին։

ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը ասում է․ «Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»

Ուշադրություն դարձնենք, որ Սմբատ Գոգյանը ազատման դիմումը ներկայացրել էր դեռևս մայիսի 14-ին։

Բայց պաշտոնից ազատվում է չորս ամիս անց, ոչ թե իր դիմումի հիման վրա, այլ ըստ հիշատակված հոդվածի 7-րդ կետի, այսինքն նախարարի առաջարկությամբ։

Ուրեմն, մայիս ամսին ներկայացված ազատման դիմումը չի բավարարվում, բայց բավարարվում է մարդուն պաշտոնից ազատելու նախարարի առաջարկը։

Արդյոք մայիսին ազատման դիմումը ներկայացնելիս վարչապետը չի հարցրել նախարարի կարծիքը։ Կամ արդյոք նախարարը մայիսին որևէ առաջարկ չի ներկայացրել վարչապետին։

Բնականաբար երկուսն էլ, բայց մայիսին վարչապետը ոչ ազատման դիմումն է բավարարել, ոչ էլ նախարարի առաջարկն է ընդունել։

Ուրեմն այդ ինչ է փոխվել այս չորս ամիսների ընթացքում։ Գոգյանը չի փոխվել կամ կերպարանափոխվել, ոչ էլ ազատման իր դիմումն է հետ վերցրել, նախարարն էլ չի փոխվել, ոչ էլ իր մոտեցումն է փոխվել Գոգյանի հանդեպ կամ նրանց հարաբերություններն են փոխվել։ Չի փոխվել նաև վարչապետը։

Միակ հնարավոր փոփոխությունը կատարվել է վարչապետի մոտեցումներում՝ մայիսից սեպտեմբեր ժամանակահատվածում։

Ուղղակի մի էական հարց։

Նման պարագայում, երբ մարդու ազատման դիմումը չի բավարարվում և ըստ իր սեփական կամքով ներկայացված դիմումի չի ազատվում պաշտոնից, ապա ինչ է նշանակում նախարարի առաջարկով պաշտոնից հեռացնելը, այն դեպքում, երբ ակնհայտ է նախարարի սուբյեկտիվ ու կանխակալ վերաբերմունքը ԲՈԿ-ի նախագահի հանդեպ։

Պարզ չի, որ ազատման դիմումի ներկայացման հիմքերը տվյալ դեպքում ավելի էական նշանակություն ունեն կառավարման տեսակետից, խնդիրների արձանագրման և դրանց լուծման տեսակետից։

Արդյոք տարրական էթիկայի շրջանակում է տեղավորվում նման մոտեցումը՝ մարդու հանդեպ հարգալից վերաբերմունքի տեսակետից։

Կամ եթե չարոս ամիս հետո այս անգամ նախարարի առաջակությամբ եք հեռացնում մարդուն պաշտոնից, մայիս ամսին ազատման դիմումի ներկայացման համար պատճառները վերացա՞ն, թե արդեն դրանք կարևոր չեն։ Թե կարևորը գլխացավանք առաջացնող մարդուց ազատվելն է։

Սա ինչ վերաբերմունք է մարդու նկատմամբ, սա ինչ մոտեցում է, սա ինչ կառավարման ոճ ու ձև է։

Իհարկե միշտ էլ կարելի է հղում կատարել օրենքին։

Այն օրենքի, որը ընդունվել է մինչ հեղափոխությունը և որն ունի բացառիկ ոչ իրավական բնույթ։

Ուշադրություն դարձրեք, նորմը չի պահանջում նախարարից որևէ հիմնավորում՝ նման առաջարկ ներկայացնելու համար՝ ուզեց առաջակում է, չի ուզի չի ներկայացնի։

Դե իսկ վարչապետն էլ կցանկանա կընդունի նախարարի առաջարկը, չի ցանկան՝ չի ընդունի։

Պարզ չի, որ նման կարագավորումն ուղն ու ծուծը հենց կոռուպցիոն է, և սահմանվել է հենց համակարգային կոռուպցիայի տրամաբանությունից ելնելով։

Փոխեք համակարգային կոռուպցիայի շահերն ապահովող օրենքներն ու կարգավորումները ի վերջո։

Հո անընդհատ հղում չեք կատարելու դրանց, միաժամանակ անընդհատ քննադատելով այդ օրենքն ընդունածներին, որոնք թե օրենսդրական, թե պրակտիկ մակարդակներում ապահովել էին իրենց համակարգային կոռուպցիոն կառավարումը։

Քննադատել, բայց չփոխել, իսկ անհրաժեշտության դեպքում էլ լավ էլ օգտվել այդ համակարգային կոռուպցիան ապահովող օրենսդրական նորմերից, սա ինչ է նշանակում, ինչ անուն տալ նման ակնհայտ մեղմ ասած անսկզբունքային ու անհետևողական մոտեցմանը։

Կոռուպցիոն կարգավորումներով ընդունվող որոշումներն իրենց էությամբ կոռուպցիոն են։

(Visited 206 times, 1 visits today)
Оцените статью