Գագիկ Ծառուկյանը եկել է դատարան, որտեղ շուտով կսկսվի նրան կալանավորելու միջնորդության քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշում է, որ եթե իմանա` իրեն ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն։
Ծառուկյանը նման կարծիք հայտնեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի առջև լրագրողների հետ զրույցում։
«Տրամադրությունս բարձր է, Ծառուկյանին ի՞նչ է եղել։ Հարցն այն է, որ երկրի վիճակը գնալով վատանում է։ Սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է, ոչինչ չի փոխվել։ Մինչ այս ինչ ասել եմ, տեր եմ ասածիս»,–նշեց Ծառուկյանը։
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն արձագանքեց` դատական պրոցեսը ցույց կտա:
Նշենք, որ դատարանի առջև հավաքված են Ծառուկյանի կուսակիցներն ու նրա աջակիցները։
Հիշեցնենք` հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան