Ինչ է լինելու հակահայ պայմանագրի ճակատագիրը․ Հայ-ռուսական կրակային պատասխան Թուրքիային

Nouvelles

«Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում հայ-ռուսական հրետանային ստորաբաժանումները ռադիոլոկացիոն և հրետանային հետախուզման միջոցների կիրառմամբ «Գրադ» ՀԿՌՀ-ի, Դ-30 հաուբից հրանոթների, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների, «Սանի» ականանետային համակարգերի կրակով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները, ֆեյսբուքյան գրառումով հայտնում է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հայաստանում տեղի է ունենում հայ-ռուսական միացյալ զորախմբի ներգրավմամբ զորավարժություն, որը ներկայիս իրավիճակում անկասկած ստանում է ադրբեջանական քարոզչությանը պատասխանի նշանակություն եւ իմաստ: Եվ թերեւս ոչ միայն ադրբեջանական, այլ, որքան էլ տարօրինակ հնչի՝ հայաստանյան որոշակի շրջանակների քարոզչությանը:

Բանն այն է, որ վերջին օրերին նկատվում է ադրբեջանական ինտենսիվ քարոզչություն Հայաստանի վրա պատերազմի պատասխանատվություն դնելու ուղղությամբ, որի հայելային արտացոլմանն է ձեռնամուխ եղել նաեւ հայաստանյան ընդդիմության մի խիստ որոշակի շրջանակ՝ նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ, ներկայիս պատգամավոր, ինչ որ կուսակցապետ եւ այլն, ադրբեջանական հռետորաբանությունից ոչնչով չտարբերվող հայտարարություններով հիմնավորում են հակառակորդին:

Միաժամանակ, այդ ամենն ուղեկցվում է «թեզերով», թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ անգամ խոսվում է ընթացիկ աշնան մասին: Ընդ որում, Ադրբեջանի պատերազմի պատրաստվելու մասին հայտարարվում է այնպես, կարծես մինչ այդ Ադրբեջանը մշտապես պատրաստվել է պարահանդեսի, իսկ ահա վերջին ամիսներին սկսել է պատրաստվել պատերազմի:

Ավելին, այդ մասին ներկայումս խոսում են ուժեր, որոնք հնարավոր ու անհնար ամենատարբեր միջոցներով քարկոծում էին այն եզակի շրջանակներին, որոնք հասունացող ագրեսիայի եւ պատերազմի վտանգի մասին էին խոսում 2016 թվականի ապրիլյան քառօչրյայից առաջ, այդ թվում ահազանգելով ոչ միայն այդ իրողությանը ներհայաստանյան իրավիճակի անհամարժեքության, այլ նաեւ պատերազմի հասունացման գործում ռուսական քաղաքականության վտանգավոր դերի մասին:

Բայց, այդ մարդիկ արժանանում էին քարկոծման այն շրջանակներից, որոնք այսօր «ահազանգում» են պատերազմի մասին: Քարկոծվում էին, թե «հակառուսականությամբ» շեղում են հանրությանը «ապաշնորհ Սերժ Սարգսյանի դեմ» ներքաղաքական «պայքարից»:

Ժամանակի ընթացքում իհարկե պարզվեց, որ այդ «պայքարը» ընդամենը Հայաստանին ԵՏՄ պարտադրելու համար էր, մինչ այդ ընթացքում ռուս-թուրքական շահերի համադրությամբ ծավալվում էր ադրբեջանական ագրեսիան, իհարկե վերջում իքս պահին «միմյանց գցելու»՝ առանձին-առանձին երկուստեք ակնկալիքով: Այդ գցոցին անշուշտ լինելու էր Հայաստանի եւ Արցախի հաշվին, ինչը կանխեց հայկական բանակը:

Այժմ նույն շրջանակները նույն ներքաղաքական «պայքարի» տրամաբանությամբ տեսնում են օրը մի քանի անգամ «պատերազմ գուժելու» անհրաժեշտություն, բայց չմոռանալով դրա համար մեղադրել «բանակցությունը տապալող» Երեւանին: Այլ կերպ ասած, Հայաստանում սկսվել է ներքաղաքական պայքար՝ Ադրբեջանի հետ հեռավար դաշնակցությամբ:

Վերադառնալով Ադրբեջանին եւ պատերազմի պատրաստվելուն, հարկ է նկատել, որ Ալիեւը կարող է չասել պատերազմի մասին ոչ մի բառ եւ առավոտից երեկո խոսել խաղաղության մասին: Դա չի նշանակելու ոչինչ՝ Ադրբեջանը միեւնույն է ծրագրված է պատերազմի եւ Հայաստանը պարտադրված է միշտ պատրաստ լինել հենց դրան: Առավել եւս այժմ, երբ Ադրբեջանը վերածվել է թուրքական էքսպանսիոն քաղաքականության «սեւագործ աշխատանքի» գործիքի:

Ադրբեջանական քարոզչությունը ներկայում կատարում է այդ դերը, եւ խորքային առումով խնդիրը լոկ Հայաստանի հետ չէ, այլ նաեւ Ռուսաստանի: 2016-ի դասը առնվազն մարտավարական առումով Մոսկվան ընդունել է, ու թեեւ ռուսական ռազմավարությունը չի ենթարկվել խորքային վերափոխման՝ համենայն դեպս առայժմ, այդուհանդերձ մարտավարական իմաստով այն բեկվել է եւ դրանում էական դեր են ունեցել թե ապրիլյան քառօրյայում հայկական բանակի ինքնիշխան դիմադրությունը, թե 2018-ի հայկական թավշյա հեղափոխությունը:

Դա թույլ է տվել Ռուսաստանի քաղաքական վարքագծի եւ որոշումների ձեւավորման գործում համեմատաբար ուժեղացնել Թուրքիայի հանդեպ կոշտ պայքարի գիծը: Այն, ինչ բխում է Հայաստանի խնդիրներից: Դա ընդհանրապես սկզբունքային ու վճռորոշ հարց է ռուսական պետականության ճակատագրի տեսանկյունից, ու առնվազն երկու գծերի պայքարը արտացոլվում է նաեւ Հայաստանում: Կովկաս 2020-ի ձեւաչափով փաստացի այդ կոշտ պատասխան մեսիջն է հղվում Անկարային, որ չի աշխատելու պատերազմի շանտաժը:

Մյուս կողմից, սակայն, Անկարայի համար անշուշտ խորքային հարցը այն է, ինչ սպասվում է հաջորդ տարի՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելից եւ դրանից Ռուսաստանի հրաժարման վտանգ, կոշտ գծի արդեն ռազմավարական հաղթանակի դեպքում: Անկարայի շանտաժի թիրախը Ռուսաստանում այդ հնարավոր որոշումը թույլ չտալն է: Կմնա՞ Մոսկվան հակահայ պայմանագրի ռազմավարության մեջ, թե՞ կստանձնի նոր եւ լուրջ դեր Կովկասում:

(Visited 139 times, 1 visits today)
Оцените статью