ՈՒՇԱԳՐԱՎ․ Սկանդալ Լավրովի եւ Գաֆարովայի հանդիպմանը

Nouvelles

Սեպտեմբերի 23-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի խորհդարանի պատվիրակության հետ՝ խոսնակ Ս․ Գաֆարովայի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները։

Հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Լավրովն ասել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։

Հանդիպման վերաբերյալ Բաքվի պաշտոնական հաղորդագրություններում նշվում է նաեւ, որ Լավրովն ասել է, որ ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս 5 օկուպացված շրջանների վերադարձի, խաղաղապահների տեղակայման եւ տրանսպորտային-հաղորդակցական համակարգի վերականգնման օգտին:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի հաղորդագրությանը եւ Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումներին, նշելով, որ Լավրովի ու Գաֆարովայի հանդիպմանը քննարկվել են նախկինում հնչեցված կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատում։

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ դուք լավ գիտեք և մեծ խնդրանք՝ շարժվել դրանցով, այլ ոչ թե տարբեր մեկնություններով, որոնք հնչեցնում է ոչ ռուսական կողմը», ասել է նա:

Չնայած Զախարովան հիշատակում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պաշտոնական հրապարակումներում բնականաբար այդ մասին խոսք չկա: Միեւնույն ժամանակ, Զախարովան փաստորեն չի հերքում Լավրովի հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ասե՞լ է Լավրովը նման բան, թե ոչ, իրեն անհարմար դրության մե՞ջ են դրել, թե ոչ, եւ կլինի՞ պաշտոնական հաստատում կամ հերքում, թե դա լռության կմատնվի:

Հիշվում է, Ադրբեջանի նոր արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Լավրովը սիրաշահել էր նրան, հուլիսյան մարտերի մեղքը դնելով հայկական կողմի վրա:

Հայ «ընդդիմադիր» շրջանակները մի քանի օր է երկրորդում են Բաքվի թեզերն առ այն, որ հայկական կողմն է խափանում բանակցությունները: Երեւում է՝ այս հանգամանքը Լավրով-Գաֆարովա հանդիպման ու քարոզչական սպասարկման համար համապատասխան բարենպաստ ֆոն պետք է ստեղծեր:

Մոտ մեկ տասնամյակ Ղարաբաղի հարցում իր բազմաչարչար պլանն իրականացնելու ճանապարհին Լավրովը հայտնվում է նոր սկանդալում, մոսկովյան «հավասար հեռավորության» քաղաքականության անխուսափելի հետեւանքով:

(Visited 307 times, 1 visits today)
Оцените статью