ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Բաքվում որսացին Ռոբերտ Քոչարյանի խոսքը

Nouvelles

Ռոբերտ Քոչարյանը քաղաքագետների եւ քաղաքական մեկնաբանների փոքր խմբի հետ զրույցում անդրադառնալով արցախյան հարցին, հայտնվել է ադրբեջանական պրոպագանդայի թերեւս «երախտագետ» ուշադրության կենտրոնում: Դրա պատճառը Ռոբերտ Քոչարյանի արտահայտած որոշ մտքեր են, օրինակ այն առնչությամբ, թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չունի արցախյան հարցի վերաբերյալ հասկանալի դիրքորոշում:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ քարոզչական հնարք է դիտարկում վարչապետ Փաշինյանի այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ացախի եւ Ադրբեջանի ժողովուրդների:

Դա այն դեպքում, երբ Ադրբեջանն օրինակ որեւէ կերպ չի կարողանում քարոզչական նպատակով օգտագործել Երեւանի այդ արտահայտությունը, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը որսում է անմիջապես:

Անկասկած է, որ Քոչարյանն ադրբեջանական պրոպագանդային օգնելու կամ փոխանցում կատարելու համար չէ, որ արտահայտել է այդ մտքերը: Նա ուզում է լինել քաղաքական ընդդիմության առաջնորդ, կոնսոլիդացնել Նիկոլ Փաշինյանից եւ հեղափոխության փաստից դժգոհ ուժերին, իր նպատակահարմարությունը հավաստիացնել Ռուսաստանին:

Ամբողջ հարցն այն է, թե իր այդ մղումներում Ռոբերտ Քոչարյանը որքան է արդյունավետ Հայաստանի հանրային ու պետական, անվտանգային շահի տեսանկյունից: Արդյունավետության մի հանգամանք կա՝ երբ նա քննադատում է նոր իշխանությանը, դա ավելի շատ ունենում է հակառակ էֆեկտ:

Բայց, խոշոր հաշվով Հայաստանի պետական շահի, անվտանգային հեռանկարի համար էական է բոլորովին այլ բան՝ Հայաստանի քաղաքական համակարգում ձեւավորել Արցախի հարցի վերաբերյալ կամ բովանդակային կոնսենսուս, կամ բովանդակային, հայեցակարգային բանավեճ, որտեղ քաղաքական մրցակցությունը հստակ եւ պատասխանատու առավելագույնի շուրջ է, ոչ թե նենգափոխումների եւ ձեռնածության առավելագույնի:

Իսկ երկրորդ նախագահը Արցախի հարցում ավելի շուտ եւ ավելի շատ զբաղված է հենց երկրորդ հանգամանքով: Իհարկե ոչ միայն նա, այլ խոշոր հաշվով Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմությունները Արցախի հարցում ավելի ու ավելի շատ զբաղված են եղել հենց դրանով, ոչ թե հայեցակարգային, բովանդակային մրցակցության նշաձողի սահմանումով:

Անգամ Արցախի հարցում՝ անկախ բովանդակության հանդեպ վերաբերմունքից, լուրջ բանավեճ եւ քննարկում ծավալելու առաջին փորձն արած Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության կարգավիճակում Արցախի հարցում արդեն զբաղված էր հանրային կարծիքի հանդեպ ձեռնածությամբ: Իհարկե, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Տեր-Պետրոսյանն անում էր դա իրեն բնորոշ հռետորական նրբաճաշակության ու արհեստավարժության շրջանակում: Բայց դա սկզբունքորեն չէր փոխում իրերի դրությունը:

Մինչդեռ, նախկին նախագահներն այդ առնչությամբ ունեն մեծ պատասխանատվություն առավել եւս պաշտոնը թողնելուց հետո, հաշվի առնելով գործընթացի մեջ ներգրավվածությունը: Նրանք պետության եւ հայության առաջ ունեն հայկական պետականության համար առանցքային նշանակության հարցում բովանդակային եւ անգամ ոճական նշաձողերը ավելի ու ավելի բարձրացնելու մեծ պատասխանատվություն:

Առավել եւս, երբ խոշոր հաշվով պատասխանատու են իրենց կառավարման ընթացքում պետական որակների նշաձողերը ավելի ու ավելի իջեցնելու գործում: Մինչդեռ, Հայաստանի պետական որակն ու արդիականությունը արցախյան հարցում հայկական թիվ մեկ եւ անբեկանելի հաղթաթուղթն է:

(Visited 167 times, 1 visits today)
Оцените статью