Բաքուն սպասում է հարվածի. Ադրբեջանը վերածվել է մարտադաշտի.

Nouvelles

Ադրբեջանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ նրանք գիտեն, որ լինելու են հատուկ գործողություններ: Օրերս այդ մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Տավուշի սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին, որի հետեւանքով զոհվել էր նաեւ հայաստանցի զինծառայող:

Ի՞նչ գործողություն է պատրաստում հայկական կողմը, որը մտահոգել է Բաքվին: Այդ մտահոգությունն արտահայտվում է Ադրբեջանի պրոպագանդայի էջերում, որտեղ ինտենսիվ «տեղեկություններ» են հրապարակում Արցախում «քրդական զինյալների» հայտնվելու մասին: Ադրբեջանական տիրույթում օրերս հայտնվել էր մեկ այլ հատկանշական տեղեկատվություն: Ադրբեջանցիները չգիտես ինչու հիշել էին 2015 թվականին Չայլու գյուղի ուղղությամբ իրականացրած դիվերսիան: Ադրբեջանական համացանցում հայտնվել էր դրա մասնակիցներից մեկի պատմությունը, թե իբր ոչ թե 4 հայ զինվոր են սպանել, այլ 25-30:

Հայկական կողմն այդ ժամանակ հայտնեց 4 զինվորի զոհվելու մասին, որոնք մասնակցել էին դիվերսիան հետ մղելու կռիվին եւ կորուստներ պատճառելով հետ նետել դիվերսանտներին: Ադրբեջանը կորցրել էր հատուկ ջակատային Մուբարիզ Իբրահիմովին, որի դին մնացել էր հայկական կողմում:

Ինչու՞ էին ադրբեջանական պրոպագանդայի զինվորները հիշել Չայլուն: Մի կողմից պարզ է, որ հուլիսյան պարտությունից հետո Բաքուն ունի «հերոսական պատմությունների» կարիք, մյուս կողմից, երբ այդ պատմությունը տեղավորվում է ադրբեջանական պրոպագանդայի ներկայիս «փազլում», ապա նպատելի է դառնում, որ Բաքուն իսկապես ապրում է ինչ որ սպասման մեջ, փորձելով կանխավ դրա պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:

Բաքվի այդ մարտավարության պատճառը թերեւս պարզունակ խորամանկությունը չէ՝ ստեղծել հայերի նախահարձակ լինելու տեղեկատվական ֆոն, սեփական սադրանքը քողարկելու համար: Նկատելի է խուճապ ու տագնապալի սպասում: Դրա պատճառն անշուշտ բավականին լայն է, կապված այն իրավիճակի հետ, որում հայտնվել է Ադրբեջանը:

Բանն այն է, որ Բաքուն զրկվել է սուբյեկտությունից: Անկարան հայտարարել է, որ ինքն է հակամարտող կողմը: Հետեւաբար, Ադրբեջանը վերածվում է այսպես ասած «ռեգիոնալ վակուումի» կամ յուրօրինակ մի մարտադաշտի, որտեղ պարզվելու են Թուրքիայի հետ հարաբերություններ: Իսկ ներկայում Թուրքիայի հետ հարաբերություն պարզում են բոլորը: Անկարան Ադրբեջանը յուրացրել է որպես «անվտանգության հավելյալ գոտի», ռիսկերը սեփական սահմանից եւ տարածքից հեռացնելու համար:

Այդպիսով, Բաքուն ստացել է ռազմա-քաղաքական պոլիգոնի կարգավիճակ, որտեղ պարզ չէ, թե ով, երբ եւ ինչ բնույթի հարաբերություն կփորձի պարզել Անկարայի հետ, ըստ այդմ ինչպիսին կլինի դրա հետեւանքը Ադրբեջանի համար:

Բնական է, որ Բաքուն այդ առնչությամբ մի կողմից չի կարող չաղմկել, մյուս կողմից աղմկելու համար ամենաանվնաս «հասցեն» կամ «ուղղությունը» հայկականն է: Ադրբեջանը թերեւս հույս ունի այդ միջոցով զսպել այլ ուղղություններից բխող ռիսկերը, եթե իհարկե Թուրքիան իր էքսպանսիոն քաղաքականությամբ մյուս կողմից չշարունակի Ադրբեջանի համար այդ ռիսկերի գեներացիան:

(Visited 505 times, 1 visits today)
Оцените статью