Բաքուն փորձում է ամրապնդվել, ՀՀ սահմանին լարվածությունը կրկնապատկվել է

Nouvelles

Երեկ Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց սահմանային իրավիճակից:

Պնախարարը պատասխանեց` ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները աշխատանքներ են տանում չեզոքացնելու մեր դիրքապահների գերակայությունն ու առավելությունը, այդ պատճառով տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործում:

«Այս իրավիճակը արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ այսօր չունենք, ցավոք»,-ասաց Տոնոյանը` հավելելով, որ Հայաստանի զինված ուժերը համապատասխան միջոցներ ձեռնարկում են:

Դավիթ Տոնոյանը նաև ընդգծեց, որ հուլիսյան մարտական գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: «Հույս ունենք, որ որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- եզրափակեց նա:

Փաստորեն, Տավուշի ուղղությամբ լարվածությունը կրկնապատկվել է, արձանագրում է Դավիթ Տոնոյանը, հույս հայտնելով, որ ՀՀ զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին

Այսինքն, ՊՆախարարի մակարդակով փաստում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները իրականացնում են շինարարական աշխատանքներ, որպեսզի որոշակի չեզոքացնեն մեր դիրքապահների ու մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը:

Նշված գործողությունների արդյունքում հայկական կողմը, նշենք, որ երեկ ցավոք, զոհ ունեցավ: Տոնոյանը վստահեցնում է, որ հայկական ԶՈՒ–ն համապատասխան միջոցներ է ձեռնարկել, ինչի առնչությամբ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բանակի զգոնությունը բարձրացրել։

Նիկոլ Փաշինյանը ևս երեկ ԱԺ-ում անդրադարձել է ղարաբաղյան բանակցություններին: Նա կառուցողական է համարել ԼՂ-ի հարցով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ տեղեկություններին. «Այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական, այն համապատասխանում է բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին:

Մենք ունենք սկզբունքներ բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց մենք ասել ենք, որ դրանք չենք համարում նախապայման, որովհետև եթե բանակցելուց առաջ էդ հարցերը լուծվեն, էլ բանակցելու բան չի մնա»։

Ըստ նրա՝ նախապայման ունի Ադրբեջանը, երբ ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այն պայմանով, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս:
ԱԺ պատգամավորներից մեկի հարցին, թե Փաշինյանի կարծիքով հուլիսյան մարտերից հետո մթնոլորտը բանակցության համար որքանո՞վ է հարիր, Փաշինյանը պատասխանել էր. «Եթե անկեղծ ասեմ՝ հուլիսյան դեպքերից հետո բանակցությունների համար մթնոլորտը հարիր է այնքան, ինչքան առաջ, որովհետև մենք մարտերից առաջ էլ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ և ռազմաշունչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային տրամաբանությանը:

Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է, որ Ղարաբաղի հարցը ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք, որ Հայաստանի ու Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր՝ 24 ժամում կլուծենք Արցախի հարցը: Պարզվեց Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»:

Այսինքն, պաշտոնական Երևանը նշում է, որ ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման անցկացման մասին հստակություն չկա: Բացի այդ՝ Տավուշի ուղղությամբ լարվածությունը կրկնապատկվել է, Ադրբեջանն էլ, այսպես ասած՝ դիրքային «պայքար» է տանում սահմաններին՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները իրականացնում են շինարարական աշխատանքներ:

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ եթե անգամ բանակցություններ ընթանան՝ Ադրբեջանը միևնույն է, շարունակում է սահմանին նախապատրաստվել ռազմական հնարավոր գործողությունների:

(Visited 184 times, 1 visits today)
Оцените статью